Սրտանոթաբանություն
Զարկերակային ճնշման չափման եղանակները
Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում:
Գործնականում քիչ չեն փաստերը, երբ արյան ճնշման ճշգրիտ որոշման կանոնների պահպանումը` անկախ օգտագործվող տեխնիկական միջոցից կամ մեթոդից, թերագնահատվում է կամ անտեսվում: Բնակչության մեծամասնությունը բավարար չափով տեղեկացված է տնային պայմաններում արյան ճնշման չափման եղանակների և առկա տեխնիկական միջոցների մասին, որի ապացույցն է վերջին շրջանում մեծ տարածում գտած էլեկտրոնային ավտոմատ և կիսաավտոմատ սարքերի օգտագործումը: Իրականում հասարակության լայն շրջանների համար շատ հարցեր դեռևս լիովին պարզաբանված չեն, և արյան ճնշման չափման եղանակների ու չափիչ սարքավորումների ընտրության հարցի վերաբերյալ որոշ մեկնաբանությունների անհրաժեշտություն է զգացվում:
Արյան ճնշման չափման միավորն է սնդիկի սյան միլիմետրը (մմ ս.ս.): Տարբերում են զարկերակային ճնշման երկու ցուցանիշ` սիստոլիկ (վերին) և դիաստոլիկ (ստորին):
Տեխնիկական զարգացմանը զուգընթաց մեծ տարածում և կիրառություն ստացան բազկին ամրացվող ավտոմատ և կիսաավտոմատ սարքավորումները, որոնց առավելություններն են փոքր չափսերը, օգտագործման պարզությունն ու հարմարավետությունը: Վերջին ժամանակներում մեծ տարածում ստացան այնպիսի սարքեր, որոնք օգտագործվում են նախաբազկին ամրացնելու կամ մատը սարքի մեջ տեղադրելու միջոցով: Պետք է նշել, սակայն, որ նման սարքերը կլինիկական կիրառություն չունեն` սխալի բարձր աստիճանի պատճառով:
Տնային պայմաններում զարկերակային ճնշման չափման համար բժշկական սարքավորումների կատարելագործման բրիտանական միության կողմից հաստատված են Omron, A&D և Microlife մակնիշների ավտոմատ և կիսաավտոմատ սարքերը:
Արյան ճնշման չափման սարքավորումների առաջնեկը Riva-Rocci (Ռիվա-Ռոչի) սնդիկային սֆիգմոմանոմետրն է, որը մոտ մեկ դար առաջ կլինիկական լայն կիրառություն է ստացել Ն.Ա. Կորոտկովի կողմից առաջարկված չափման մեթոդի շնորհիվ: Դրանք ունեին գործնական լայն կիրառություն, սակայն, համաձայն Եվրախորհրդի կողմից հաստատված օրենքի, ըստ որի շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելու նպատակով արգելվում է չափիչ սարքավորումներում սնդիկի օգտագործումը, 2007 թվականից վերջիններիս արտադրությունը կտրուկ սահմանափակվեց և, այնուհետև, արգելվեց` տեղը զիջելով աներոիդ սֆիգմոմանոմետրերին: Այս մեթոդը լինելով ամենատարածվածը և ճշգրիտը, թերևս ունի կիրառման որոշակի չափորոշիչներ` հնարավորինս անաղմուկ միջավայր, ճնշումը չափողը պետք է վարժ լինի, ունենա անթերի լսողություն ու տեսողություն և այլն:
Զարկերակային ճնշման Ճշգրիտ որոշման համար խորհուրդ է տրվում օգտագործել սարք, որն անցել է կլինիկական փորձարկումներ և որի ցուցմունքը մասնագետի կողմից չափումներ իրականացնելու պարագայում կասկած չի հարուցի:
Ճնշումը Ճշգրիտ որոշելու համար կարևոր է նաև բազկակապի (մանժետ) ճիշտ ամրակապումը, որը պետք է համապատասխանի բազկի շրջագծին: Ընդհանուր առմամբ, համաձայն միջազգային ուղեցույցների, տարբերակվում են բազկակապի հետևյալ չափսերը. ա) մանկական և չափահասների (երկարությունը` 10-12 սմ, լայնությունը` 18-24 սմ, բազկի շրջագիծը` 23 սմ-ից փոքր), բ) չափահասների ստանդարտ (երկարությունը` 12-13 սմ, լայնությունը` 23-35 սմ, բազկի շրջագիծը` 33 սմ-ից փոքր), գ) չափահասների մեծ (երկարությունը` 12-16 սմ, լայնությունը` 35-40 սմ, բազկի շրջագիծը` 50 սմ-ից փոքր):
Բազկի չափսերին անհամապատասխան բազկակապի օգտագործումը կարող է դառնալ իրական ցուցանիշներից մինչև 30 մմ ս.ս. չափով զարկերակային ճնշման ցուցանիշների` բարձր կամ ցածր շեղման պատճառ:
Ոչ պակաս կարևոր պայման է նաև բազկակապի ճիշտ տեղադրումը, որի համար անհրաժեշտ է արմնկային փոսում շոշափել բազկային զարկերակը և բազկակապը փաթաթել բազկի վրա այնպես, որ այն լինի արմնկային փոսից մոտ 2 սմ բարձր` առանց ծալքերի կիպ հպվի մերկ բազկի մակերեսին:
Ֆոնենդոսկոպի գլխիկը պետք է տեղադրել արմնկափոսում այնպես, որ այն լինի բազկակապի ստորին եզրից քիչ ներքև և իր ամբողջ շրջագծով կիպ հպվի մաշկի մակերեսին: Բազկակապն անհրաժեշտ է ներփչել արագ և համաչափ` մինչև նախապես գնահատված զարկերակային վերին ճնշումից մոտ 20-30 մմ ս.ս. բարձր մակարդակը: Անհրաժեշտության դեպքում վերին և ստորին զարկերակային ճնշման արդյունքները պետք է գրանցել` կլորացնելով դեպի բարձրը ոչ ավելի, քան 2 մմ ս.ս.: Բազկակապում ճնշման բարձրացմանը զուգահեռ պետք է լսել զարկերի առաջացումն ու վերացումը: Ճնշումը բարձրացնելիս, զարկերի անհետանալուց հետո, բազկակապի ճնշումը պետք է բարձրացնել ևս 20-30 մմ ս.ս.-ով, ապա բացելով տանձիկի փականը` սահուն, դանդաղորեն իջեցնել ճնշումը բազկակապում, միաժամանակ հետևելով թվատախտակի ցուցմունքին: Առաջին հստակ զարկը համապատասխանում է զարկերակային ճնշման վերին մակարդակին: Դրանից հետո շարունակելով դանդաղորեն ճնշումը նվազեցնել, գալիս է մի պահ, երբ լսվող զարկերը անհետանում են` թվատախտակի վրա այդ պահի ցուցմունքը համապատասխանում է զարկերակային նվազագույն ճնշմանը:
Զարկերակային ճնշման վերին մակարդակի ցուցանիշը 120 մ.մ. ս.ս., իսկ ստորինը` 80-ը համարվում է օպտիմալ ճմշում: Վերին 120-130-ը և ստորին` 80-85 մ.մ. ս.ս. զարկերակային ճնշումը համարվում է նորմալ ճնշում, բայց այս դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգվել և ապրելակերպը փոփոխել. ֆիզիկական ակտիվությունը ավելացնել, ծխելուց հրաժարվել և այլն: Զարկերակային ճնշման վերին մակարդակի 130-139 և ստորին` 85-89 ցուցանիշները համարվում են նորմալ ճնշման վերին սահմանը: Զարկերակային վերին ճնշումը 140 մմ ս.ս.-ից և ստորինը 90-ից բարձրի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում: Սակայն այդ ցուցանիշները խիստ միջինացված են, քանզի տարիքի հետ զուգընթաց զարկերակային ճնշման բնականոն համարվող մակարդակը, ինչպես նաև մեկ րոպեում սրտի զարկերի հաճախականությունը աստիճանաբար փոխվում է:
Զարկերակային ճնշման ճիշտ չափման համար անհրաժեշտ է ծանոթ լինել Կորոտկովի առաջարկած մեթոդի չափման եղանակին, որն ունի հետևյալ փուլերը.
-
I փուլ` երակազարկի տոների ի հայտ գալը (վերին զարկերակային ճնշում),
-
II փուլ` երակազարկի տոների ուժեղացումը,
-
III փուլ`երակազարկի կայուն և հստակ տոները,
-
IV փուլ` երակազարկի տոների ուժգնության թուլացումը,
-
V փուլ` երակազարկի տոների անհետացումը (ստորին զարկերակային ճնշում):
Երեխաների և տարեցների մոտ որոշ դեպքերում կարող է դիտվել «անվերջ տոնի ֆենոմեն», երբ երակազարկի տոները լսվում են մինչև 0 մմ ս.ս. մակարդակը: Որպես վերջնական արդյունք ընդունվում են աջ և ձախ ձեռքերի միջին ցուցանիշներն առանձին-առանձին: Հետագա չափումները կատարվում են զարկերակային ճնշման բարձր ցուցանիշ ունեցող ձեռքի վրա:
Արյան ճնշման չափումն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել 2007 թվականին սրտաբանների եվրոպական միության կողմից առաջարկված ստորև նշված կանոններով:
-
Չափելուց առաջ անձը պետք է մի քանի րոպե լինի հանգիստ (նստած) վիճակում:
-
Իրականացվում է նվազագույնը երկու չափում` 1-2 րոպե ընդմիջումով:
-
Սովորական չափերով բազկի համար օգտագործել ստանդարտ (12-13 սմ երկարության և 35 սմ լայնության), իսկ հաստ կամ բարակ բազկի համար` համապատասխան չափսի բազկակապ:
-
Բազկակապը պետք է գտնվի սրտի մակարդակի բարձրության վրա:
-
Անհրաժեշտ է օդը բաց թողնել վայրկյանում 2 մմ ս.ս. ոչ ավելի արագությամբ:
-
Որոշել արյան ճնշման վերին և ստորին ցուցանիշների I և V փուլերն ըստ Կորոտկովի մեթոդի:
-
Եթե առաջին անգամ է անձի արյան ճնշումը որոշվում, անհրաժեշտ է չափել երկու բազկի ճնշումը հաջորդաբար, անոթային հնարավոր հիվանդության առկայությունը հայտնաբերելու նպատակով: Տարբերության դեպքում պետք է հիմք ընդունել առավել բարձր ցուցանիշը:
-
Տարեցների, շաքարախտով հիվանդների և ճնշման անկման հակում ունեցող հիվանդների արյան ճնշումն առաջին անգամ
չափելիս պետք է այն չափել նաև հիվանդի կանգնած դիրքում, կանգնելու պահից 1 և 5 րոպե անց:
Զարկերակային ճնշման չափումից նվազագույնը 30 րոպե առաջ անհրաժեշտ է բացառել սուրճի, թեյի և տոնուսը բարձրացնող այլ ըմպելիքների, ծխախոտի օգտագործումը, ֆիզիկական և հուզական լարումը, չափումներն իրականացնել նստած, որոշ դեպքերում` պառկած կամ կանգնած դիրքում:
Որոշ մակնիշի սֆիգմոմանոմետրերի թվատախտակին կարմիրով առանձնացված են 80- 160 մմ ս.ս. կամ 280-300 մմ ս.ս. միջակայքերը, այլ սարքերի վրա` 200 մմ ս.ս. և 100 մմ ս.ս. ցուցանիշները և այլն: Դժվար է գուշակել, թե ինչ են նկատի ունեցել արտադրողները, սակայն միանգամայն տեղին է մեկ անգամ ևս հիշեցնել, որ արյան բարձր ճնշման կամ զարկերակային գերճնշման սահմանագիծը համարվում է 140/90 մմ ս.ս. ցուցանիշը: Վերոհիշյալ և նրանից բարձր ցուցանիշները, որոնք ստացվել են արյան ճնշման չափման կանոնների պահպանմամբ, հիմնավոր պատճառ են մասնագետին դիմելու և ժամանակին համարժեք դեղորայքային բուժում սկսելու համար: Զարկերակային ճնշման ցուցանիշի նորմայից յուրաքանչյուր 10 մմ ս.ս. բարձրացումն ուղեկցվում է սիրտ-անոթային հիվանդացության 30% աճով: Արյան բարձր ճնշմամբ անհատների մոտ 4 անգամ հաճախակի են սրտի իշեմիկ հիվանդության դեպքերը և 7 անգամ բարձր` ինսուլտների զարգացման հավանականությունը:
Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 28-86-06, 28-86-16 հեռախոսահամարներով:
Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն